Կարեն Գիլոյանը ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոցուցահանդեսին

28-03-2023 17:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, ինչպես նաև հայկական ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ «Արարատ-73»-ն իր փառահեղ հաղթանակներով ապացուցել է՝ քրտնաջան աշխատանքի պարագայում մենք կարող ենք հաջողությունների հասնել նաև թիմային պայքարում: «Սա իսկապես մեր սպորտի պանծալի ու փառավոր էջերից էր: Ցավոք, «Արարատը» այսօր այդ նույն դրոշակակիրը չէ հայկական ֆուտբոլում, բայց մեծ հույսեր ունեմ, որ այդ անունը կրկին կհնչի ամենաբարձր հարթակներում՝ որպես ամենամեծ հաղթանակների նվաճող: Սա նաև ապացույցն է այն բանի, որ թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում: Որտեղ կա աշխատանք, այնտեղ կլինի նաև հաջողություն: Վստահ եմ, որ հայկական սպորտում մենք շուտով թիմային մեծ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Կարեն Գիլոյանը: Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանն ասում է՝ սա երբեմնի «Արարատին» հիշելու լավ առիթ է. «50-ամյակն ինձ հուշեց, որ պետք է նմանօրինակ ցուցահանդես լինի: Այս լուսանկարներն անգիր եմ հիշում, ուղղակի արխիվում էին: Երևի ամենահիշարժանը Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղի լուսանկարներն են»: Եղբայրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանները, ի թիվս այլ իրադարձությունների, վավերագրել են նաև «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի լավագույն կադրերը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է ցուցահանդեսը: Այն կգործի մարտի 28-ից ապրիլի 1-ը: «Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն նշում է՝ այս լուսանկարներն իրեն միշտ են ուղեկցել և հաճելի հիշողություններ արթնացրել. «Ուղիղ կես դար է անցել․ 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Ուրախ եմ ու երջանիկ, որ խաղացել եմ հայկական «Արարատում», շնորհակալ եմ ժողովրդիս, որ 50 տարի է անցել, բայց մեզ հիշում են: Մեծ ցավ կա ներսումս, որ մեր հոյակապ ընկերներից 6-ն արդեն ֆիզիկապես մեր կողքին չեն»: Բոնդարենկոն ընդգծում է՝ խաղադաշտում իրենք ներդրել են ողջ ուժերը՝ հանուն թիմի: «Եթե Հայաստանի հավաքականի կազմում դուրս ես եկել խաղադաշտ, եթե մարզաշապիկիդ գրված է «Հայաստան», ապա կյանքդ դի՛ր, թող պատգարակով քեզ տանեն, մենք այդպես էինք անում, դրա համար էլ հասանք այդ ամենին: Մեր ժողովուրդն այն ժամանակ ասում էր միայն թե «Նևթչիին» ու «Թիֆլիսին» չպարտվեք, հաղթում էինք ու 3 տարի հանգիստ ապրում, բայց հաղթում էինք 4-0, 6-1»,- հիշում է լեգենդար ֆուտբոլիստը: «Արարատ» ֆուտբոլային ակումբն ամբողջ տարվա ընթացքում նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ևս մեկ միջոցառում կանցկացվի արդեն ՀՀ կառավարության կողմից՝ 2023 թվականի աշնանը: Ֆոտոցուցահանդեսի բացման ընթացքում կայացել է նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում 1973 թվականի «ոսկե» մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
28-03-2023 17:45