Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ ունեցած ելույթում ցապարների ցեղապետը նոր հանգամանքներ է բացել 44-օրյա պատերազմի եւ «հետպատերազմյա կարգավորման», Լաչինի միջանցքի ռեժիմը ժամկետից շուտ փոխելու եւ այլ հարցերում Պուտինի ու Փաշինյանի հետ համաձայնությունների, ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշման վերաբերյալ: Ցեղապետն այս ամենը փորձում է ծածկել ավանդական «հաղթական» հիստերիայի շղարշով, բայց Հաագայի հեռանկարը, ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ոճրագործ եռյակին ստիպում է բացել նորանոր հանգամանքներ: «Հայաստանին ու նրա հովանավորներին հաղթած» Ալիեւի «հաղթական» վստահությունը՝ «մենք հասնում ենք և շարունակելու ենք հասնել նրան, ինչ ուզում ենք»՝ մեկ հասցեատեր ունի՝ Հայաստանի վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա ծրագրի առաջնորդ նշանակված Նիկոլ Փաշինյան: Հատկանշական է, որ ցեղապետն այս ելույթն ունեցել է Մոսկվայում Լավրով-Միրզոյան գործարքից հետո (Լրագիր): Ներկայացնում ենք որոշ հատվածներ ցեղապետի ելույթից․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ բազմաթիվ ժամեր տևած հեռախոսազրույցների արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորել նաև Լաչին քաղաքն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ»: «Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին Լաչինի շրջանը անցել էր մեր տիրապետության տակ, Լաչին քաղաքը մնացել էր մեր վերահսկողությունից դուրս: Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ: Քանի որ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ բազմաթիվ ժամեր տևած հեռախոսազրույցների արդյունքում մեկ օրվա ընթացքում մեզ հաջողվեց պայմանավորվել նաև Լաչին քաղաքն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: Այդ նպատակով իմ պնդմամբ վերջնական հայտարարության մեջ ներառվեց նաև այլընտրանքային ճանապարհի կառուցումն ու նշվեց ժամկետ: Չնայած որոշ չափով անորոշ ձևակերպումներով նշվեց, որ այդ հարցի քննարկումը կիրականացվի երեք տարվա ընթացքում»: «Բայց հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց, ես անմիջապես հրամայեցի որոշել նոր ճանապարհի երթուղին և բոլոր տեխնիկական պարամետրերը: Մենք շուտով սկսեցինք այդ աշխատանքն ու ավարտին հասցրինք մեկուկես տարում: Այսինքն՝ կառուցվեց Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհ, և այն պատրաստ էր շահագործման դեռևս անցյալ տարվա օգոստոսի սկզբին, ավելի կոնկրետ՝ օգոստոսի 2-ին: Մենք ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը տեղեկացրինք, որ պետք է իրենց անցակետերը հանեն հին երթուղուց և տեղափոխեն նոր ճանապարհի վրա, իսկ մինչև օգոստոսի 5-ը մենք պետք է մուտք գործենք Լաչին քաղաք, Զաբուխ և Սուս գյուղեր: Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները, որոնք այդ ժամանակ կապ էին հաստատել մեր ներկայացուցիչների հետ, խնդրում էին իրենց ժամանակ տալ: Ասում էին՝ մինչև օգոստոսի 25-ը կլուծեն այդ հարցերը, ապօրինի բնակվող հայերին դուրս կբերեն Լաչին քաղաքից, Զաբուխ և Սուս գյուղերից, և այդ կերպ հարցը հեշտությամբ կգտնի իր լուծումը: Այսպիսով, օգոստոսի 25-ին իրականացված աշխատանքների արդյունքում այնտեղից վտարվեցին Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ապօրինի բնակվող բոլոր հայերը: Օգոստոսի 26-ին մենք վերադարձանք Զաբուխ, Սուս գյուղեր և Լաչին քաղաք: Դրանից հետո ես այցելեցի Լաչին քաղաք, քաղաքի կենտրոնում բարձրացրի ադրբեջանական դրոշը և հայտարարեցի, որ այսուհետ մենք հավերժ ապրելու ենք մեր այս հայրենի հողում»: Ցեղապետն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Պետք է հատուկ ընդգծեմ, որ բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները միշտ ինչ-որ առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի էր համարում Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին: Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ նաև մյուս շրջաններից: Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար: Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելով փաստացի փորձում էին ամրագրել այդ օկուպացիան: Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի այս անարդար ու բացասական վերաբերմունքը պատահական չէ: Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, պարզ ասած՝ մեզ շփոթեցնել: Բայց տեսեք, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ անցած երկուսուկես տարվա ընթացքում, ինչ կեղտոտ գործողություններ են կատարվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են առաջ քաշվում: Այսինքն՝ այդ ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձևեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման արդյունք, այստեղ ևս առաջատար դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները: ․․․ Միաժամանակ, հակաադրբեջանական ուժերը տեսան մեր աննկուն կամքը: Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա. Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել: Մենք դա Հայաստանին ապացուցեցինք ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Հայաստանի հովանավորներին դա ապացուցեցինք պատերազմից հետո՝ երկուսուկես տարվա ընթացքում: Մենք հաղթեցինք նրանց ու ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մենք հասնում ենք և շարունակելու ենք հասնել նրան, ինչ ուզում ենք»: