Պատերազմի այս փուլում Ուկրաինային F-16 կործանիչներ պետք չեն․ ԱՄՆ պաշտպանության նախարար

29-03-2023 14:32

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի այս փուլում F-16 կործանիչները, որոնք Կիևը համառորեն խնդրում է վերջին ամիսներին, չեն օգնի Ուկրաինայի զինված ուժերին: Այս մասին հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ Պենտագոնը շարունակում է հավատալ, որ Ուկրաինային այս պահին ամենաանհրաժեշտը հակաօդային պաշտպանության համակարգերն են, հեռահար զինատեսակներն ու զրահատեխնիկան: ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել այս տեսակի զենքեր և ուսուցանել ուկրաինացի զինվորականներին դրանց օգտագործման հարցում, վստահեցրել է Օսթինը: «Ինչ վերաբերում է F-16 կործանիչներին, որոշման ընդունման պահից կպահանջվի մոտավորապես 18 ամիս, մինչև դրանք կիրառվեն: Բայց պատերազմի այս փուլում դա չի օգնի ուկրաինացիներին», – ասել է Լլոյդ Օսթինը: Օսթինի խոսքով՝ Պենտագոնը կարծում է, որ ուկրաինացիները կկարողանան մարտական ​​ինքնաթիռներ ձեռք բերել «ապագայում»: Հնարավոր է, դա կարող է լինել F-16 կամ չորրորդ սերնդի այլ ինքնաթիռներ, ասել է նա:

Lragir.am,
29-03-2023 14:32