Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հերքել է այն պնդումները, թե գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում օրինական չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը 2023 թվականի մայիսի 14-ի ընտրություններում նրա երկրորդ առաջադրումն է քվեարկության համար՝ համաձայն Սահմանադրության 101-րդ հոդվածի նոր խմբագրության: Այս իրավունքի իրականացման համար սահմանադրական կամ իրավական խոչընդոտներ չկան»,- ասվում է գրավոր հայտարարության մեջ: Նախարարը պարզաբանել է, որ 2017 թվականին Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո, երբ անցում կատարվեց խորհրդարանականից նախագահական համակարգին, և դրան հաջորդեց 2018 թվականի նախագահական ընտրությունները, Էրդողանը փաստացի սկսեց նոր հետհաշվարկ: Սահմանադրությունը թույլ է տալիս ոչ ավելի, քան երկու անընդմեջ պաշտոնավարում: «Ընդդիմադիր կուսակցություններն ապարդյուն փորձում են թաքնվել օրենքի հակասահմանադրական մեկնաբանությունների հետևում: Փորձում են ապօրինի խոչընդոտել մեր նախագահի առաջադրմանը»,- ասել է նախարարը: