Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին

31-03-2023 15:53

2021 թ.-ի  հուլիսին  Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից: Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում: Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել է Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները: Վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին: Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում այն կմտնի ուժի մեջ: https://hcav.am/hcav-am-dwn-31-03-2023/

Lragir.am,
31-03-2023 15:53