ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) խնդրում է Հայաստանին 2023 թ.-ի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով», – մեջբերում է ТАСС-ը զեկույցից: Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 2023 թ.-ի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թ.-ի մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները: Հանդիպման ընթացքում բարձրացվել է Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը: Ռոսսելխոզնադզորը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հաշվի առնելով հայկական կողմի կողմից հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ: Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում: Ի պատասխան այս հայտարարության՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն նշել էր, որ կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում են՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների: