Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, իսկ ապրիլի մե՜կը… Գովազդ-հայտարարություն Շտապ կախվել ցանկացողների համար վաճառում ենք փտած պարանի կտորներ` ընդհանուր 2 մետր երկարության: Արժեքը` 20-50 հազար (ինչքան` փտած, այնքան` թանկ): Արդեն օգտագործած պարանները հետ կվերցնենք կես գնով, կամ կփոխարինենք նորով, եթե դրանք գնորդն անձամբ հետ բերի և հայտնի իրեն տրված անհատական կոդը: Մեր հասցեն. Կղզի-քաղաք Չունչուր, 7 երկնաքերների փող, 13. «Կենաց մանրուքների մեծ խանութ»: 10.03.3022 թ. Առաջին ատյանի դատարանում Չունչուր կղզի-քաղաքի դատախազ Յան Չու Չվանի մեղադրականից հատված. – Չունչուրի Յոթ անկատար հրաշքներ պողոտայի թիվ 21/3- ում բնակվող, անցած դարի կեսերին ծնված, այժմ միայնակ, գործազուրկ -թոշակառու Լուի Չին-Չժանը (հասակը 178 սմ, քաշը`46,5 կգ), երկու ամիս առաջ ծանոթանալով Չունչուրի 7 երկնաքերների պողոտայի թիվ 13-ում գործող «Կենաց մանրուքների մեծ խանութի» փտած պարանների վաճառքի մասին գովազդող հայտարարությանը, այնտեղից գնել է փտած պարանի մեկ նմուշ: Նույն օրվա կեսգիշերին, գնած ապրանքը օգտագործել է 7 երկնաքերների պողոտայի թիվ 210 հասցեի երկնաքերի 441 հարկում գործող «Հավերժ պայծառ կապույտ երկինք» հոթելի 124 սենյակում: Պարանը չի կտրվել: Նշված հյուրանոցի տվյալ հարկի հերթապահ տիկին Սու Հո Մինը գիշերային լռության մեջ լսելով Լուի Չին-Չժանի խռխռոցները, շտապ վերցրել է պահեստային բանալին, արագ բացել հյուրասենյակի դուռը: Տեսնելով առաստաղից կախված ու ճոճվող, խռխռացող Լուի Չին-Չժանին, վերցրել է սեղանին դրված դանակը, արագ բարձրացել է աթոռին ու կտրելով պարանը փրկել է Լուի Չին-Չժանի կյանքը: Քաղաքացի Լուի Չին-Չժանը հայց է ներկայացրել «Կենաց մանրուքների մեծ խանութի» դեմ, որ փտած պարանի նրանց գովազդը և վաճառածը միմյանց չեն համապատասխանում: Դա մարդկանց կյանքը խլող խորամանկ խաբեություն է, քանի որ այդ խանութից գնած և իր օգտագործած պարանը չի կտրվել և նրա կյանքը մազից է կախված եղել ու հրաշքով է փրկվել և երախտապարտ է «Հավերժ պայծառ, կապույտ երկինք» հոթելի 441 հարկի հերթապահ տիկին Սու Հո Մինին: Դատարանը լսելով հայցվոր և պատասխանող կողմերին, որոշեց կատարել փորձաքննություն: Փորձաքննություն Փորձաքննությունը կատարվեց հաջորդ օրը, կեսգիշերին «Հավերժ պայծառ, կապույտ երկինք» հոթելի 124 սենյակում՝ «Կենաց մանրուքների մեծ խանութից» վերցված գովազդված պարանի պատահական երկու նմուշով: Փորձարկումը կատարվեց «Օձի պես ճկուն» պարաններ և այլ կենցաղային պարագաներ արտադրող ֆիրմայի տնօրեն տիկին Նի Լին Չվանի «Կենաց մանրուքների մեծ խանութի» մենեջեր պարոն Յան Ցզոու-Մունի վրա: Փորձարկման առաջին վարկյաններին տիկին Նի Լին Չվանի առաջին խռխռոցից ու մի քանի թափահարումներից հետո պարանն անմիջապես կտրվեց և գիրուկ տիկին Նի Լին Չվանը ընկավ` նախապես նրա ոտքերի դարսված ռետինե փչած բարձերի վրա և արագ-արագ խորը շունչ քաշելով ուրախությունից հեկեկաց, մինչդեռ նրա կողքին կախված պարոն Յան Ցզոու-Մունը խռխռում ու ճոճվում էր աղերսալից նայում փորձաքննություն կատարողներին որ շտապ ազատեն իրեն մահվան ճիրաններից: Դատավոր Չզան Վան Չանը, որ անթարթ հետևում էր վայրկյանաչափին, գլխի նշանով հրահանգեց գործի անցնել դանակը ձեռքին պինդ սեղմած տիկին Սու Հո Մինին: Վերջինս արագ մոտ քաշեց աթոռը և ճարպիկ ցատկելով նրա վրա, մեկ շարժումով կտրեց Յան Ցզոու-Մունի պարանը և վերջինս ուշագնաց ընկավ ռետինե բարձերի վրա ու այդպես մնաց, քանի դեռ դատավոր Չզան Վան Չանը փորձաքննությանը հրավիրված բուժանձնակազմին Յան Ցզոու-Մունին շտապ օգնելու հրահանգ չտվեց: Առաջին ատյանի դատարանի եզրակացությունը Չունչուրի քաղաքացի Լուի Չին-Չժանը հայցով ի դեմ «Կենաց մանրուքների մեծ խանութի» առաջին ատյանի դատարանը որոշեց չբավարարել նրա պահանջը, քանի որ «Հավերժ պայծառ, կապույտ երկինք» հոթելում կատարված փորձաքննության ժամանակ երկու պարաններից մեկը կտրվեց, մյուսը`ոչ; Բողոքարկում երկրորդ ատյանի դատարանի Չունչուրի քաղաքացի Լուի Չին-Չժանը բողոքարկեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, պատճառաբանելով, որ տիկին Նի Լին Չվանը գեր է՝ նրա քաշն իր քաշի կրկնակին է, իսկ Յան Ցզոու-Մունինը՝ չկտրվեց, որովհետև վերջինս իր նման նիհար է, ինչպես «ծծած մոմպաս», խնդրում է վերաքննել իր հայցը: Երկրորդ ատյանի դատարանի որոշումը Չունչուր կղզի-քաղաքի երկրորդ ատյանի դատարանի դատավոր Լաո Չվան Յունի գլխավորությամբ վերաքննեց Լուի Չին-Չժանի հայցը և որոշեց. «Օձի պես ճկուն» պարաններ արտադրող ձեռնարկությունը իր արտադրած ապրանքի օգտագործման ուղեցույցում չի նշել, թե որ պարանն ինչ աստիճան փտածություն ունի և ինչ քաշի՝ գիրության անձանց կախվելու համար է այն նախատեսված և պարտադրեց արտադրողին վաճառակետերից հետ կանչել իր ապրանքատեսակը, փորձարկել դրանք, օգտագործման ուղեցույցում կատարել համապատասխան նշումներ և այսուհետ նոր արտադրվածները թողարկել այդ նկատառումները հաշվի առնելով: «Օձի պես ճկուն» պարաններ արտադրող ձեռնարկությանը և «Կենաց մանրուքների մեծ խանութին» այս որոշման թիվ 1 կետում նշված թերացման համար հօգուտ պետբյուջեի տուգանել համապատասխանաբար՝ 850 և 420 չունչով (Chu): (Ծանոթագրություն: Չունչը կղզու դրամական միավորն է: 1Chu=3.75 $: Ծանոթագր.` թարգմանչի): Այսուհետ Չունչուրի քաղաքացի Լուի Չին-Չժանը, կախվելու համար խանութներից պարաններ գնելուց առաջ, նախ` լավ կշռվի, պարզի սեփական քաշը և հետո գնա այդ նպատակով պարան գնելու և ընտրի իր քաշին համապատասխան պարան: Եթե ինքը շատ նիհար է և երկար որոնելուց հետո իր քաշին համապատասխան պարան չի կարող գտնել, թող գիրանա՝ հետո կախվելու որոշում կայացնի ու խանութից իր քաշին համապատասխան փտած պարան գնի և այլոց շառ ու փորձանքի մեջ չգցի: Նիհարներին կախվելն` օրենքով արգելել: «Հավերժ պայծառ, կապույտ երկինք» հոթելի հերթապահ տիկին Սու Հո Մինին աչալրջորեն աշխատելու, ինքնուրույն, արագ, ճիշտ որոշումներ կայացնելու ու սառնասրտորեն գործելու և փորձաքննությանն անտրտունջ մասնակցելու համար պարգևատրել 50 չունչով: Խորհուրդ տալ տնօրինությանը նրան վստահել ավելի պատասխանատու և բարձր վարձտրվող աշխատանք: Չունչուրերենից թարգմանությունը՝ Լու Ցզի Արտխանի 14.03.3023 թ. [email protected]