Մինչեւ համընդհանուր ընտրություններ շատ ժամանակ կա, իսկ կործանումը մոտ է. Հարկավոր է հստակություն

31-03-2023 18:52

ԱՄՆ նախագահ Բայդենի հրավիրած Հանուն ժողովրդավարության երկրորդ վեհաժողովին Փաշինյանի ելույթն ու Հռչակագիրը վերապահումով ընդունելու հայտարարությունը հայաստանյան քաղաքական-մեդիա-վերլուծական շրջանակներում լռության մատնվեց: Ինչպես եւ երկրի համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձությունների մեծամասնությունը: Սա այդ շրջանակների՝ մեկ համակարգիչ կենտրոնից ղեկավարվելու հստակ նշան է: Դա հասկանալի է՝ ընդդիմությունը, իրականում Փաշինյանի ռուսապատկան հենակները պետք է կամ գովեին, ինչպես իրենց ռուս կուրատորներն են ընդգծում «Փաշինյանի արժանապատիվ պահվածքը», կամ լռեին: Իր հերթին, Փաշինյանի «արեւմտամետի» դիմակով սազանդար գաճաճները կամ պետք է քննադատեին նրան Ռուսաստանի հանդեպ «արժանապատիվ պահվածքի» համար, կամ նույնպես լռեին իրենց Նիկոլ աշխատատուի հասցեին: Նիկոլի ու նրա «խաղաղ օրակարգի» շուրջ ռուսապատկան հենակների ու կելծ «արեւմտամետ» գաճաճների ներքին կոնսենսուսն ընդգծվում է հենց նման շրջադարձային պահերին, երբ Նիկոլը բացում է իր ագենտուրային օրակարգի ու պարտավորությունների առանցքային հանգամանքները: Բայդենի հրավիրած համաժողովին Նիկոլի մասնակցությունը հենց այդ նպատակն ուներ: Հենակների լռությունը կոնսենսուսի վառ վկայություն է: Նման կոնսենսուս էր նաեւ Միրզոյան-Լավրով նողկալի գործարքի շուրջ: Այս ֆոնին, արժե անդրադառնալ Ազգային-ժողովրդավարական բեւեռի պահվածքին, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Արա Պապյանը, իր ծավալուն հարցազրույցում (1 ժամ 23 րոպեից) նշում է, որ նորմալ է, որ Փաշինյանը վերապահումով է մոտեցել Հռչակագրին, շատ հաճախ պետք չէ հակադրվել Ռուսաստանին, որ Արեւմուտքում կա այդ ըմբռնումը, որ կան բաներ, որ մենք հարկադրված ենք անել եւ այլն: Պապյանը չի քննադատում Փաշինյանին, ինչն արդեն իսկ քաղաքական գնահատական է: Հարց է առաջանում՝ սա վաղօրոք ընդունված կուսակցական դիրքորոշո՞ւմ է՝ բառակույտերի տակ քողարկել քաղաքական աջակցությունը Փաշինյանի կառավարությանը: 2020 թվականի մայիսից հետո հայ հանրությունը գերզգայուն է կեղծիքի որեւէ դրսեւորման հանդեպ: Հիշենք, որ մեկ շաբաթ առաջ Բեւեռը խուսափեց Լավրով-Միրզոյան գործարքին քաղաքական գնահատական տալուց, իսկ խոսնակներից մեկը այն բնորոշեց «արժանապատիվ կեցվածք» կենցաղային արտահայտությամբ: Կարելի էր չնկատելու տալ ԱԺԲ դիրքորոշումը, սակայն խմբակը միշտ գանգատվում է իր հանդեպ մեդիայի անտարբերությունից: Բացի այդ, այս մարդիկ հավակնում են քաղաքական սպեկտրի բեւեռային, այսինքն՝ ծայրագույն, ընդ որում, իրենց պնդումով, միակ ճշմարիտ դիրքի: Թե, ընդհակառակը, չեն հավակնում, այլ միտված են քիչ թե շատ մտածելու ունակ զանգվածին հասկացնել, որ իրականում փրկության ճար չկա. ապա մե՛զ նայեք՝ շատ ենք նման փրկիչների: Այս վերջինը իրենց հաջողվում է, ինչպես հաջողվեց Վազգեն Մանուկյանին իր 17-ով, հաջողվեց Հայաստան-ՊՈՒ դաշինքներով ռոբո-սերժական խաժամուժին: Ելքը հետեւյալն է: Կամ ասպարեզին առկա խմբակները հրապարակում են իրենց ստվերային կառավարության կազմը անուն-ազգանուն, եթե ցանկանում են՝ հայրանուններով, նաեւ ընթացիկ դրության առժամյա գրավոր գնահատականը եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների՝ մամուլի համար ընդունելի ծավալով պլանը, կամ պարոնայք պիտի խոստովանեն, որ ռոբո-սերժ, բադալյան-շիրինյան, բեւեռականներ համույթը իրենից ներկայացնում է ռուսապատկան բազմաձայն մի խումբ: Մեկ խմբավարով: Հուսանք քննադատությունը տեղ կհասնի, եւ մենք առիթներ կունենանք տրամադրել մեր էջերը կառուցողական, քաղաքականապես հասուն,  պատասխանատու նարատիվների եւ գործողության ծրագրերի համար:

Lragir.am,
31-03-2023 18:52