Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ Ուկրաինային լրացուցիչ 80 Leopard 1 տանկերի հանձնումը կսկսվի ընթացիկ տարվա կեսերից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, համապատասխան հայտարարությունը նա արել է իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում: «Մարտին մենք Ուկրաինային ենք հանձնել 18 ժամանակակից Leopard 2A6 և 40 Marder հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև այլ փաթեթներ, ինչպիսիք են հրատապ անհրաժեշտ պահեստամասերը և ռազմամթերքը, – մանրամասնել է գերատեսչության ղեկավարը: – Բացի դրանից, ես հաջողությամբ և ակտիվորեն ճնշում եմ գործադրել մեր դաշնակիցների վրա` ավելի շատ օգնության հասնելու համար: Ի վերջո, մեզ հաջողվեց ապահովել բրիգադ»: Պիստորիուսը հավելել է, որ Leopard 1A5 տանկերի մատակարարումը նոր է սկսվում: «Բացի դրանից, այս շաբաթ սկսվել է ավելի քան հարյուր ուկրաինացի զինվորների ուսուցումը Leopard 1-ով: Մինչև 80 Leopard 1 տանկերի մատակարարումը կսկսվի տարվա կեսերին», – նշել է նախարարը: Ինչպես կարծում է Պիստորիուսը, Բեռլինն «Ուկրաինայի գլխավոր հենարանն է ԵՄ-ում»: Նախարարը նաև հանդես է եկել հաջորդ տարի Գերմանիայի պաշտպանական բյուջեի ավելացման օգտին: