Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է զինադադարի համաձայնությանը․ Կատրին Կոլոնա

28-04-2023 16:33

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: «Եթե Ադրբեջանը մտահոգություններ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար, ոչ թե միակողմանի քայլեր ձեռնարկելը: Արդար և կայուն խաղաղություն նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները: Մենք գործում ենք մեր ժողովուրդների համար և ցանկանում ենք, որ մարդասիրական քայլերը նպաստեն բանակցությունների համար լավ մթնոլորտի ձևավորմանը, լինեն դրանք ռազմագերիների, անհետ կորածների հարցերը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ: Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի: Շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, դա ընդունելի չէ, դա չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասաց Կոլոնան: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց՝ ցանկանում են, որ բանակցություններ վարվեն ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների շուրջ: «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքով»,- նշեց Կատրին Կոլոնան:

Lragir.am,
28-04-2023 16:33