Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի: Ծրագիրը Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող նախագծերից մեկն է, որի կենտրոնում «բուհ-գործատու» գործընկերությունն ու ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի շուրջ համագործակցությունն են: Մասնավորապես, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում սովորող 10 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում: Կկազմակերպվի նաև ուսանողներից 5-ի մասնագիտական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում՝ հետագայում Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ: Հաջորդող տարիների ընթացքում ևս կրթաթոշակներ կտրամադրվեն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առնվազն 5 ուսանողի: Հուշագիրը ստորագրեցին Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Գործակցության նպատակն է աջակցել, խթանել և իրականացնել ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության խթանմանը: Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում կրթության զարգացմանը և իր 15-ամյակին նվիրված նախագծերի շրջանակում չէր կարող չանդրադառնալ այս ոլորտին ևս: «ԵՊՀ-ի հետ այս համագործակցության նպատակն է երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ՝ ֆինանսաբանկային համակարգում իրենց կարիերան կառուցելու համար: Մենք լավ արդյունքներ ենք ակնկալում այս նախագծից և հույս ունենք ապագայում ԵՊՀ շրջանավարտներին տեսնել մեր օրեցօր աճող ու մեծացող թիմում»,- նշեց Հայկ Ստեփանյանը: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով երկկողմ համագործացությունն ու դրա ընձեռած հնարավորությունները, փաստեց, որ բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը կրթության զարգացման երաշխիքներից է․ «Այս համագործակցությունը մեր պատկերացրած հաղորդակցության լավագույն դրսևորումներից է, երբ գործարար աշխարհի ներկայացուցիչները ներգրավվում են կրթական գործընթացում և նպաստում որակյալ, արհեստավարժ ու աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը: Հատկանշական է, որ մեր գործընկերների կողմից տրամադրվելու են կրթաթոշակներ, որոնք ոչ միայն սոցիալական աջակցություն են լինելու մեր ուսանողների համար, այլև խրախուսելու են նրանց էլ ավելի լավ սովորել և հաջողությունների հասնել»: Հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ուսանողների, Բանկի ու ԵՊՀ ղեկավար կազմերի, ինչպես նաև հյուրերի մասնակցությամբ, որից հետո ուսանողները տեղում ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու շփվեցին Բանկի աշխատակիցների և տնօրինության ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվեցին համատեղ նախագծերի կազմակերպման, համալսարանական միջոցառումներին Բանկի մասնակցության, ինչպես նաև Բանկի գործունեության տարբեր ոլորտներում իրականացվող ուսումնասիրություններում ու այլ աշխատանքներում Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավման, համատեղ գիտահետազոտական նախագծերի ու ֆինանսաբանկային ոլորտին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման շուրջ: ______________________ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով: Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին: Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն: Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: